Հունիսի 21-ին Թուրքիայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը (Մ-20): Այն անցկացվում է տասնիններորդ անգամ: Չեմպիոնի կոչումը վիճարկելու է քսանչորս երկիր, մասնակիցները բաժանված են վեց խմբի, play-off դուրս գալու իրավունք կստանան յուրաքանչյուր խմբի առաջին-երկրորդ տեղերը գրաված հավաքականները, մյուս չորսը կընտրվի վեցյակի մեջ առավել լավ արդյունք ցույց տված թիմերից:
Նախ մասնակիցներին ներկայացնենք ըստ խմբերի`
A խումբ` Ֆրանսիա, Գանա, ԱՄՆ, Իսպանիա
B խումբ` Կուբա, Հարավային Կորեա, Նիգերիա, Պորտուգալիա
C խումբ` Թուրքիա, Սալվադոր, Կոլումբիա, Ավստրալիա
D խումբ` Մեքսիկա, Հունաստան, Պարագվայ, Մալի
E խումբ` Չիլի, Եգիպտոս, Անգլիա, Իրաք
F խումբ` Նոր Զելանդիա, ՈՒզբեկստան, ՈՒրուգվայ, Հորվաթիա։
Եթե նկատում եք, առաջնության եզրափակիչ փուլ չեն կարողացել դուրս գալ ֆուտբոլային այնպիսի տերություններ, ինչպիսիք են Գերմանիան, Իտալիան, Հոլանդիան, Արգենտինան, Բրազիլիան: Այս հենքի վրա առաջնությանը մեր երկրի ընտրանու չմասնակցելը միանգամայն մարսելի է և ամբողջովին բավարար հիմք ունի ինչ-որ բաներից, համենայն դեպս, չդժգոհելու համար, չնայած, օրինակ, աշխարհի նախկին տասնութ առաջնություններից տասնմեկում հաղթել են բրազիլացիներն ու արգենտինացիները, և ընթացիկին նրանց չմասնակցելը եթե միանշանակ ձախողում է, ապա մեր ընտրանու պարագայում այն ընդհանրապես բնութագրական միավոր չէ ու չի կարող լինել: Թե ինչո՞ւ` եկեք ո՛չ մանրանանք, ո՛չ էլ խորանանք:
Բացի այն, որ առաջնության եզրափակիչ խաղը կայանալու է հուլիսի տասներեքին, մի երկու բերան ավելի ինֆորմացիան չենք կարծում, թե առանձնապես կխանգարի ընթերցողին:
Հասկացանք, որ առաջնությունը երիտասարդական է, սակայն այստեղ տղաներ կան, ովքեր տրանսֆերային շուկայում լավ էլ գին ունեն: Եթե զուտ գնային առումով խնդրին նայելու լինենք ու ստորին շեմն ընդունենք վեց միլիոն եվրոն, ապա անխոս առաջատարը Ֆրանսիայի ընտրանին է, որի հինգ ֆուտբոլիստի (Պոլ Պոգբա, Ժոֆրեյ Կոնդոգբիա, Սամյուել Յումտիտի, Կուտ Զումա, Ֆլորիան Տովեն) միասնական արժեքը քառասուն միլիոն եվրո է:
Հիմա կասեք, թե «սևացած» Ֆրանսիայի կողքին բա թանկանոց տղաներ չունի՞ Իսպանիայի ընտրանին:
ՈՒնի, ինչպե՞ս չունի:
Սակայն, մինչև Իսպանիային անցնելը, ընթերցողին ասենք, թե Ֆրանսիայի առնչությամբ ինչու օգտագործեցինք «սևացած» բառը: Ամբողջ խնդիրն այն է, որ Գանայի ընտրանու հետ խաղում, որտեղ, ի դեպ, ֆրանսիացիները համոզիչ հաղթանակ տարան 3:1 հաշվով, խաղադաշտում գրեթե ճերմակամորթ ֆուտբոլիստ չկար: «Գույնի» առումով սա շատ հեշտ բացատրելի է, քանզի Ֆրանսիայի ընտրանու կազմում գերակշռում են աֆրիկյան արմատներով ֆուտբոլիստները, իսկ «գույնից» դուրս դատողություններ անելու իրավունք մեզ չվերապահենք (մի ուզող, հազար չուզող ունենք` այստեղից բխող տհաճ հետևանքներով, համ էլ, ի՞նչ է, մեր ունեցած դարդը քիչ է՞, որ ուրիշի բեռն էլ շալակենք):
Ինչ վերաբերում է Իսպանիայի ընտրանուն, «Բարսելոնը» ներկայացնող Ժերար Դեուլոֆեուն (ի դեպ, նրա ազգանունը կատալոներենից թարգմանաբար նշանակում է` Աստված արարեց նրան) «արժե» տասնհինգ, Մադրիդի «Ռեալի» պատվիրակ Խոսե Ռոդրիգեսը` յոթուկես միլիոն եվրո, և երկուսն էլ ամենաթանկերի լավագույն հնգյակում են:
Սակայն եկեք գների «բազարն» էլ թողնենք մի կողմ` այն չհամարելով առանձնապես լուրջ կողմնորոշիչ: Օրը կգա` բարին հետը, ու կիմանանք` մասնավորապես, թանկանոց Ֆրանսիա՞ն է չեմպիոնության համար լուրջ հավակնորդ եղել, թե՞ ավելի պակաս գին ունեցող Իսպանիան, որը համաշխարհային ֆուտբոլում հաղթանակ հաղթանակի հետևից է տոնում` հաշվի չառնելով մրցաշարերի տարիքային սահմանափակումները. չեմ կարծում, թե ընթերցողը մոռացած լինի, թե մի տասն օր առաջ ավարտված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ով դարձավ հաղթող ու այն էլ ինչ վստահ, բովանդակալից, գեղեցկագույն խաղով վերահաստատելով աշխարհամասի ուժեղագույնի կոչումը:
Մի խոսքով, համաշխարհային ֆուտբոլում Իսպանիան է ու… մենք ենք: Մենք` մեր չիրականացված երազանքներով ու դրա մշուշոտ հեռանկարով, Իսպանիան` իր ռեալ նվաճումներով ու դրանք հետևողականորեն ավելացնելու անզիջողությամբ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ